Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Օստին Տրաուտին սպասող դժվարին ուղին

Օստին Տրաուտին  սպասող դժվարին ուղին
04.12.2012 | 11:48

69,9 կիլոգրամ քաշային, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Օստին Տրաուտը շաբաթ օրը հանրահայտ «Մեդիսոն Սկվեր Գարդեն» մարզասրահում պուերտոռիկացի Միգել Կոտտոյի հետ մենամարտում կարողացավ պահպանել չեմպիոնական գոտին: Մրցամարտի ելքը կասկած չի հարուցել: Երեք մրցավարներն էլ ձայների ակնհայտ գերազանցությամբ առավելությունը տվել են ամերիկացուն:
Քսանյոթամյա Տրաուտը պրոֆեսիոնալ ռինգի հեռանկարային մարզիկներից է, մինչև այժմ ունեցել է քսանվեց մարտ, բոլորն էլ ավարտել է հաղթանակով: Հիմք ունենալով սա՝ կարելի՞ է արդյոք աստղային համարել նրա ուղին: Փոքր-ինչ դժվար է միանշանակորեն դրական պատասխանել հարցին, քանի որ մինչ այժմ նրա մրցակիցների մեջ միակ հեղինակավորը պուերտոռիկացին էր, ով, համենայն դեպս, իր լավագույն ժամանակները չի ապրում: Ի դեպ, սա երեք քաշային կարգերում աշխարհի չեմպիոն եղած Կոտտոյի երկրորդ անընդմեջ պարտությունն էր, և եթե մինչ այդ նա զիջել էր միայն համաշխարհային բռնցքամարտի այնպիսի լեգենդների, ինչպիսիք են Մենի Պակեաոն, Ֆլոյդ Մեյվեզերն ու Անտոնիո Մարգարիտոն, ապա սա պարտություն էր թող որ աշխարհի չեմպիոն, բայց և այնպես դեռ երկար ճանապարհ անցնելիք մարզիկից:
Ի՞նչ է տալիս այս հաղթանակը Օստին Տրաուտին:
Սարսափելի է մտածել, սակայն այն ճանապարհ է բացում դեպի մեքսիկացի վունդերկինդ, WBC վարկածով աշխարհի չեմպիոն Սաուլ Ալվարես, ով քսաներկու տարեկանում արդեն ունեցել է քառասունմեկ մարտ՝ քառասուն հաղթանակի ու մեկ ոչ-ոքիի պարագայում, ճանապարհ է բացում դեպի գերհզոր Ֆլոյդ Մեյվեզեր, ով քաշային կարգի սուպերչեմպիոնն է, ճանապարհ է բացում դեպի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Զաուրբեկ Բայսանգուրով, ով իր մարզական կարիերայի միակ պարտությունը կրել է IBO վարկածով աշխարհի չեմպիոն Կոռնելիուս Բանդրեյջից: Արդ՝ հսկաների այս կոհորտայում անելիք ունի՞ արդյոք Օստին Տրաուտը, ցույց կտա ժամանակը:
Անցած շաբաթը մարզաձևի սիրահարներին մի հաճելի մարտ էլ պարգևեց՝ ի դեմս բրիտանացի քսանչորսամյա Թայսոն Ֆյուրիի ու երեսուներեքամյա ամերիկացի Քևին Ջոնսոնի դիմակայության: Ջախջախիչ հաղթանակ տոնեց բրիտանացին, ով սրանից դեռևս երեք տարի առաջ ձեռնոց էր նետել Վիտալի Կլիչկոյին ու միավորներով պարտվել:
Ընդհանուր իրազեկման կարգով նշենք, որ Ֆյուրիի բելֆաստյան այս մենամարտը գերծանր քաշում WBC վարկածով պարտադիր հավակնորդի կարգավիճակի համար առաջին կիսաեզրափակիչն էր: Այժմ նա պիտի սպասի եզրափակիչի իր մրցակցին, ում իսկությունը հայտնի կդառնա եկող տարվա հունվարի քսանվեցին Լոս Անջելեսում կայանալիք Քրիս Արեոլա-Բերման Ստիվերն դիմակայությունում: Ավելորդ չհամարենք ասել, որ եթե քառասունմեկամյա Վիտալի Կլիչկոն հայտարարի մարզական կարիերայի ավարտի մասին, ապա Թայսոն Ֆյուրի և Արելոա-Ստիվերն զույգի հաղթողի մենամարտում բնականաբար կխաղարկվի WBC վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ